Հուլիսի 9-14-ը ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ՙՌեժիսորներ առանց սահմանների՚ համատեղ կինոարտադրության VII տարածաշրջանային ֆորումը:
Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ պատմել է ՙՈսկե ծիրանի՚ արտ տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ՙՌեժիսորներ առանց սահմանների՚ նպատակն է`խրախուսել Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համաարտադրությունը:
Այս տարի ֆորումին մասնակցելու համար ընտրվել է Արևելյան գործընկերության երկրների 12 նախագիծ:
Անցած տարի ՙՌեժիսորներ առանց սահմանների՚ ֆորումն ընդլայնել է իր ձևաչափը`շնորհիվ Եվրամիության դրամաշնորհի: 3 տարվա համար նախատեսված ծրագրի շրջանակներում 2012 թ. իրականացվել են այնպիսի մասշտաբային ծրագրեր, ինչպես ՙԿինոժուռնալիստիկան առանց սահմանների՚, ՙՀայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը՚, ինչպես նաև սցենարների մշակման սեմինար`Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի կինոգործիչների մասնակցությամբ:
Հարությունյանը նշել է, որ ավելի վաղ ՙՌեժիսորներ առանց սահմանների՚ շրջանակներում ներկայացված նախագծերից շատերը հաջողություն են ունեցել տեղական և միջազգային մակարդակով:
Բացի այդ, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աջակցությանն արժանացած Լուսին Դինքի ՙSaroyanLand՚ ֆիլմն այս տարի ներառվել է Ստամբուլի 32-րդ միջազգային կինոփառատոնի ազգային մրցույթ անվանակարգում: Հայ հանդիսատեսը ֆիլմը կարող է դիտել ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ինչպես տեղեկացրել է Հարությունյանը, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը տեղի կունենա Երևանում հուլիսի 8- 10-ը:
ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնը տեղի կունենա Երևանում հուլիսի 7-14-ը: Փառատոնի գլխավոր հովանավորը ՙՎիվաՍել-ՄՏՍ՚ ընկերությունն է: