Աշնանը Երևանում կսկսվեն հայտնի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի ՙԼուսավոր շրջան՚ նոր ֆիլմի (Հայաստան-Ֆրանսիա-Իսպանիա) նկարահանումները: Ըստ սյուժեի, 49-ամյա գրող Գաբրիելի և 45-ամյա ուռուցքաբան Մարիի համատեղ կյանքը հասել է այն փուլին, երբ կրքերն արդեն հետևում են, իսկ առջևում ապահով, հանդարտ կյանքի շրջանն է: Ամուսիններն անբաժան են, սակայն երեխաների բացակայությունը խաթարում է ընտանեկան անդորը: Գաբրիելը հաշտվել է այդ իրողության հետ, սակայն Մարին, ում միայնակության զգացումն օրեցօր սաստկանում է, որոշում է օգտագործել արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ծննդաբերելու վերջին հնարավորությունը: Մարիի այդ որոշումը սկիզբ կդնի ամուսնական զույգի համար մեծ փորձության:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է Հովհաննես Գալստյանը, ՙԼուսավոր շրջան՚ ֆիլմի նախագիծը քննարկվել է մայիսին Կաննի կինոփառատոնի կինոշուկայի շրջանակում: Կաննի Producer's Network-ի հատուկ հյուրերի թվում էր նաև նրա գործընկեր, դիստրիբյուտոր, INSOMNIA World Sales դիստրիբյուտորական ցանցի հիմնադիր Լյուկ Նտոնգան: ՙՄենք Կաննում ՙԼուսավոր շրջան՚ ֆիլմի համատեղ աշխատանքների մասին պայմանագրի նախագիծ ենք փոխանակել: Դա սևագրության նման մի բան է, որին պետք է հավանություն տան իրավաբանները, ինչից հետո մենք կստորագրենք: Դա մեծ առաջընթաց քայլ է, քանի որ կողմերից յուրաքանչյուրը որոշակի պատասխանատվություն է ստանձնում արտադրության որոշակի մասի համար՚, - հաղորդել է նա: Ռեժիսորի ասելով, դեռ Կաննից շատ առաջ ինքը տեխնիկական համագործակցության հնարավորությունը քննարկել էր իսպանական ընկերության հետ, որն զբաղվում է ձայնով: ՙՄինչև Կաննը նրանք խնդրել էին ֆիլմի ողջ փաթեթը (սցենարը, վիզուալ նյութերն ու նման բաներ): Պատմությունը նրանց հուզեց, և նրանք առաջարկեցին որոշ տեսարաններ նկարահանել Կատալոնիայում: Մենք դա քննարկել ենք Կաննում և համաձայնության հանգել՚, - նշել է Գալստյանը: ՙԼուսավոր շրջան՚ ֆիլմը կնկարահանվի Հայաստանում, Ֆրանսիայի հարավում, ավելի կոնկրետ` Մոնպելիեի մերձակայքում և Կատալոնիայում: Նկարահանումները կսկսվեն աշնանը Երևանում: Բոլոր նկարահանումները, որոնք նախապես ծրագրված էին Նորվեգիայում, տեղափոխվել են Իսպանիա:
Ֆիլմի դերասանական կազմը հաստատված չէ. դեռ պետք է քասթինգ անցկացվի բոլոր կերպարների համար: Կընտրվեն ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան դերասաններ: Մասնավորապես, Մարիի դերի համար ռեժիսորը կփորձի Վիվիեն Բոստանջյանին: Բացի այդ, նա արդեն աշխատում է Ֆրանսիան ներկայացնող դերասանուհու հետ, ով գրեթե հաստատվել է Գաբրիելի հետ փոխադարձ համակրանքով կապված Ժանետի դերակատարման համար: Գալստյանը խոստացել է մանրամասները բացահայտել օգոստոսին, երբ քասթինգն ավարտված լինի:
Հովհաննես Գալստյանի առաջին լիամետրաժ ֆիլմը` ՙԽճճված զուգահեռները՚, մրցանակ է շահել ԱՄՆ-ի, Կանադայի և Ռուսաստանի մի շարք միջազգային կինոփառատոններում: Բացի այդ, անցյալ տարի այդ ֆիլմի համար ռեժիսորը Հայաստանի ազգային կինոմրցանակի է արժանացել լավագույն դեբյուտի համար: 2011 թվականի մայիսին ՙՊարալելս ֆիլմը՚ (Հայաստան) և INSOMNIA World Sales-ը (Ֆրանսիա) ստորագրել են պայմանագիր, որի համաձայն, ՙԽճճված զուգահեռները՚ կցուցադրվի աշխարհի 40 երկրներում: Ուշագրավ է, որ դա Հայաստանի ստորագրած առաջին միջազգային դիստրիբյուտորական պայմանագիրն է: