Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ռուսական գրքի գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին հայ եւ ռուս խորհրդարանականներ, բարձրաստիճան հյուրեր ՌԴ-ից, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը, որտեղ ԱԺ նախագահը կարեւորում է ռուսական գրքի գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի բացումը եւ այն հանգամանքը, որ այն տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան պետական այցի շրջանակներում: Հովիկ Աբրահամյանը արժեւորում է երկու պետությունների պատմական եւ մշակութային կապերի վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը: Ողջույնի խոսքում ԱԺ նախագահը համոզմունք է հայտնում, որ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը նոր հանդիպումների ու քննարկումների վայր կդառնա ոչ միայն խորհրդարանականների, այլ նաեւ երկու երկրների հանրության ներկայացուցիչների համար, ինչը, անկասկած, իր ներդրումը կունենա մշակութային եւ հումանիտար կապերի խորացման գործում եւ մշտապես կհարստացվի ինչպես ժամանակակից, այնպես էլ ռուս դասական գրողների ստեղծագործություններով:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Վլադիմիր Չերնովը: ՙԱյս գրադարանն ու ակումբը պահանջված հարթակ են մեր երկու երկրների խորհրդարանականների շփման համար: Ռուսաստանին եւ Հայաստանին միավորում է դարավոր բարեկամությունը: Առջեւում մեզ սպասվում է մեծ աշխատանք, եւ սա կարող է լինել այն միջավայրը, որտեղ խորհրդարանականները կկարողանան միասին քննարկել ընթացիկ հարցեր, համատեղ ծրագրեր: Մենք շատ անելիքներ ունենք հատկապես միջխորհրդարանական համագործակցության եւ ժողովրդավարության զարգացման հարցերում: Վստահ եմ այս կենտրոնը կդառնա արդյունավետ փոխգործակցության կենտրոն, մենք շատ երջանիկ կլինենք՚,- նշել է Չերնովը:
Ելույթ ունեցան նաեւ ՌԴ Պետական դումայի պատգամավոր, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Իրինա Ռոդնինան, ՌԴ Պետական դումայի անվտանգության, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալ Բորիս Ռեզնիկը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Նշենք, որ գրադարանում ներկայացված է 6000 անուն գիրք՝ քաղաքական, իրավագիտական, տնտեսագիտական, մշակութային, ինչպես նաեւ ռուսալեզու դասական գրականություն: Գրադարանը մշտապես կթարմացվի նոր գրքերով: