«Մենք դեմ ենք տրանսպորտի
սակագների բարձրացմանը, բայց առանց ՀՀ կառավարության դոտացիայի տնտեսապես ձեռնտու
չէ ներկայիս սակագների պահպանման պայմաններում շարունակել աշխատանքը»,-նոյեմբերի
28-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի փոխադրողների
Ասոցիացիայի նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Նրա խոսքերով,
վերջին 5 տարիներին տրանսպորտային ընկերությունները Երևանում աշխատում էին վնասով:
Ավելին, շարունակել է նա, առաջին իսկ ձյան դեպքում Երևանը մնում է առանց
տրանսպորտի, քանի որ տրանսպորտային միջոցների մեծ մասը բարոյապես և ֆիզիկապես
մաշված է: Նոր տեխնիկա ձեռք բերելու համար շրջանառու միջոցները կատաստրոֆիկ կերպով
չեն բավարարում: Այս ֆոնի վրա, ի նշան բողոքի, նրանք մտադիր են կազմակերպել բողոքի
ակցիաներ: «Մենք ակտիվիստներ չենք, որպեսզի ակցիաներ անցկացնենք, բայց որոշ
գործողություններ, այնուամենայնիվ, տեղի կունենան»,-հայտարարել է Եղիազարյանը: Նա
մայրաքաղաքի ղեկավարությանը մեղադրել է քաղաքային տրանսպորտին դոտացիաներ
տրամադրելուց հրաժարվելու համար, ինչը, վերջիվերջո, թշնամանքի պատճառ է դարձել
Հայաստանի հասարակության և փոխադրողների միջև:
«Քաղաքապետարանի
սուտ խոստումների պատճառով վերջին 5 տարիներին ես, փաստորեն, դարձել եմ
չքավոր»,-հայտարարել է Երևանի տրանսպորտային գծերի մեկի սեփականատեր Աշոտ
Արշակյանը: Նրա խոսքերով, 2008 թվականից իր կողմից ղեկավարվող ընկերությունն
աշխատում է վնասով: Ընկերության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ քաղաքապետարանին
ներկայացրել են դոտացիաներ տրամադրելու վերաբերյալ իրենց պահանջները, իսկ որպես
պատասխան, յուրաքանչյուր 10 օրը մեկ ստացվում էին այդ հարցը քննարկելու վերաբերյալ
խոստումներ: