Թուրքիան շարունակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ներգրավվելու ինտենսիվ փորձերը
Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, օրերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն ինքը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` նրա Անկարա կատարած այցի ընթացքում: Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 18-ին Վիեննայում կայացած հանդիպումից անմիջապես առաջ ինքը` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ <մանրամասն> քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: <Իսկ վաղը մենք վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի հետ գնում ենք Մոսկվա, որտեղ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում, Կովկասում տիրող իրավիճակի շրջանակներում, կքննարկենք նաև այդ հարցը: Մենք բոլորս էլ շահագրգռված ենք, որպեսզի հնարավորին չափով արագ առաջընթաց արձանագրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում>,- ասել է Դավութօղլուն, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Խոսելով հայ-թուրքական օրակարգից, նա վերահաստատել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի ցանկությունը: <Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պրոբլեմները լուծվեն, ապա Հարավային Կովկասում անմիջապես կհաստատվի խաղաղություն: Եվ այդ նպատակով մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը>, - վստահեցրել է Դավութօղլուն: