Նոյեմբերի 19-ին կառավարության նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանը կառավարության անդամներին հրավիրել է Եռաբլուր՝ մասնակցելու հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի աճյունասափորը հողին հանձնելու արարողությանը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին: Այդ
մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արշակ Ներսիսյանը ծնվել է1872 թվականին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի շրջակայքի գյուղերից մեկում։ Ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում։ 1904 թվականին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանությանը։ Բռնվել է թուրքական իշխանությունների կողմից և բանտարկվել
Մուշում։ Մինչև 1912-ը գործել է Արևմտյան Հայաստանում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերից մտել է հայ կամավորների շարքը և մասնակցել Կովկասյան ճակատում մղվող կռիվներին` որպես հայ կամավորական 1-ին գնդի հրամանատար։ Մուրադ Սեբաստացու հետ հիմնադրել է հիմնադրամ, որի նպատակն էր նյութական օգնություն ցույց տալ Հայոց ցեղասպանության հետևանքով գաղթական դարձած հայ ընտանիքներին։ Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ և ճնշել է 1920 թվականի Մայիսյան ապստամբությունը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո արտագաղթել է ԱՄՆ, որտեղ և մահացել է 1940 թվականին։ Նախօրեին Արշակ Ներսիսյանի աճյունասափորը բերվել է Հայրենիք: