Հայաստանի խորհրդարանական չորս ուժերի` ՀՅԴ, ՙժառանգության՚, Հայ ազգային կոնգրեսի և ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքի առնչությամբ:
Հանդիպմանը մասնակցած պատգամավորների խոսքով, Ֆյուլեն այդ հարցը բարձրացրել է հանրապետության առջև ծառացած ընդհանուր մարտահրավերների համատեքստում:
Հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաև Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի առաջիկա նախաստորագրման մասին: Ֆյուլեն, մասնավորապես, հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, որ այդ համաձայնագիրը Հայաստանին /կամ-կամ/ ընտրության առաջ չի կանգնեցնում /խոսքը վերաբերում է Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման և Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը հանրապետության հնարավոր անդամակցման հարցում հակասությանը-խմբ./:
Ավելին, եվրահանձնակատարը խոստացել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի առջև սեփական արտադրանքի իրացման նոր շուկաներ կբացվեն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի ներքաղաքական հարցերը: