Հայաստանում անցկացված ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված, սակայն եղել են հաղորդումներ ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ: Այդ մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ամփոփիչ զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ միջազգային դիտորդները փետրվարին կայացած նախագահական ընտրությունները համարել են ՙընդհանուր առմամբ լավ կազմակերպված՚, սակայն միաժամանակ նշել են ԵԱՀԿ և Եվրախորհրդի չափանիշների ՙորոշ լուրջ խախտումներ՚, ինչպես` ընտրողներ նկատմամբ ճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործում և իշխանական թեկնածուների վստահված անձանց միջամտություն: Նշվում է նաև, որ Երևանի ավագանու ընտրություններում դիտվել են ձայների գնման, բազմակի քվեարկության և կառավարամետ ակտիվիստների կողմից դիտորդներին ահաբեկելու դեպքեր:
Նշվում է նաև, որ 2013 թ. ընթացքում Հայաստանում դիտվել են հավաքների ազատության իրավունքի խախտման և ակտիվիստների վրա հարձակման դեպքեր: Զեկույցում հիշատակվում է ակտիվիստների վրա հարձակման մի քանի դեպքի, այդ թվում`ՙՑեղակրոն՚ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ձերբակալման մասին: ՙՀարությունյանը հայտարարել է, որ ոստիկանությունում ֆիզիկական բռնության է ենթարկվել, սակայն որևէ հետաքննություն այդ հայտարարության առնչությամբ չի իրականացվել՚,- նշում են զեկույցի հեղինակները:
Զեկույցում ասվում է, որ Հայաստանում ձերբակալվածների նկատմամբ կտտանքներ են կիրառվում: ՙԿալանավայրերում խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը մշտական բնույթ են կրում, իսկ Հայաստանում խոշտանգումների սահմանումը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, քանի որ չի ներառում պետական պաշտոնյաների կողմից իրականացված հանցագործությունները։ Իշխանությունները հաճախ հրաժարվում են հետաքննել խոշտանգումների մասին հաղորդումները կամ տուժածներին ստիպում են հետ վերցնել իրենց բողոքները՚,- ասվում է զեկույցում: