Միջին օղակի չինովնիկները բողոքի հանրահավաքներ են հրահրում կառավարության շենքի դիմաց, հունիսի 27-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՙԱյսօր իմ աշխատակազմը զեկուցում էր ինձ մեր քաղաքացիներից ստացվող բողոք-նամակների խնդրի մասին, և մի շատ տհաճ երևույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին։ Շատ հաճախ կառավարության շենքի դիմաց հավաքվող մարդիկ բողոքում են և ինչ-որ խնդիրների լուծում են պահանջում: Նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետևյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի։ Դա անթույլատրելի մոտեցում է, այսինքն` մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն։ Կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում. իրենց լիազորություններին վերաբերող հարցերի վերաբերյալ գոնե պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն։ Սա անթույլատրելի է։ Ես այսուհետև բոլոր նախարարներին կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որ գալիս են, ինձ են դիմում՚,- ասել է վարչապետը:
Հարկ է նշել, որ որպես կանոն, յուրաքանչյուր հինգշաբթի`հերթական նիստի անցկացման ժամանակ, կառավարության շենքի մոտ են հավաքվում քաղաքացիներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ`իրենց դժգոհությունը հայտնելով այս կամ այն հարցի առնչությամբ: