
Պրն. Գրիգորյան, Հայաստանի նախագահական ընտրություններից հետո մեզ առաջարկվող գլոբալ խաղացողների ինտեգրացիոն նախագծերի համադրման կամ հակադրման խնդիրն արդիական է դարձել, ինչին նպաստել է նաև Սերժ Սարգսյանի`սկզբում Մոսկվա, հետո Բրյուսել այցը: Ի՞նչ հնարավոր սցենարներ են այստեղ դիտարկվում:
Կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո Մոսկվա կատարած իր առաջին այցով ցույց տվեց Հայաստանի ռազմավարական գերակայությունները, և ես կշռադատված և գրագետ քայլ եմ համարում դա: Նրա այցը Մոսկվա որոշակի քաղաքական ժեստ էր պարունակում: Այո, Մոսկվայում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Մաքսային միության հարցը: Բայց աստեղ ես համաձայն չեմ այն պնդմանը, թե Հայաստանին ստիպում են միանալ այդ կառույցին: Պետք չէ մոռանալ նաև վերջերս մի քանի հեռուստաալիքներով հեռարձակված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Մաքսային միությունում Հայաստանին չեն սպասում: Այդ առնչությամբ միանգամայն հաջող եմ համարում նախագահի այցը Մոսկվա: Ինձ թվում է, որ Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում այդ հարցը քննարկվել է, և հայկական կողմը կարողացել է նշել անհրաժեշտ փաստարկներ այդ կազմակերպությանն անդամակցումը մերժելու օգտին: Իսկ այդ փաստարկները, ըստ երևույթին, Կրեմլին բավարարել են:
Դուք բացառու՞մ եք Մոսկվայի կողմից Հայաստանի համար տնտեսական անհարմարություններ ստեղծելու հնարավորությունը, օրինակ`գազի գնի բարձրացման տեսքով:
Վերջին տարիներին գազի գինը ժամանակ առ ժամանակ բարձրացվում է, և` առանց որևէ քաղաքական նկատառման, հետևաբար, ՙերկնագույն վառելիքը՚ որպես Երևանի նկատմամբ ճնշման գործիք դիտարկելն աննպատակահարմար է: Մենք շատ հաճախ խոսում ենք այն լուրջ և անգնահատելի դերի մասին, որ Հայաստանը խաղում է Ռուսաստանի համար Հարւհավային Կովկասում: Չէ որ հենց Հայաստանն է ապահովում Մոսկվայի ռազմական ներկայությունն այստեղ. մեր տարածքում տեղակայված է ռուսական ռազմակայան: Որպես դաշնակից Հայաստանը Ռուսաստանի համար նոր նշանակություն է ձեռք բերում` Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ շահագործումը դադարեցնելուց հետո: Գաբալայի փակումը վերջակետ կդնի Ադրբեջանում Ռուսաստանի ռազմական ներկայությանը:
Մաքսային միության հարցում այժմ Ռուսաստանի համար անհամեմատ ավելի կարևոր է Ուկրաինան` իր վիթխարի շուկայով: Այդ պատճառով ճնշում կլինի այնտեղ, այլ ոչ թե այստեղ: Իհարկե, Մոսկվան ամբողջովին հաշվից դուրս չի գցի Հայաստանին: Այստեղ խորհրդաժողովներ կանցկացվեն Մաքսային միության թեմայով, պարբերաբար պատվիրակություններ կժամանեն`փորձելով թեկուզ փորձագիտական հանրությանը համոզել Մոսկվայի ինտեգրացիոն նախագծերին մասնակցության անհրաժեշտության մեջ: Բայց ավելի արմատական միջոցներ, որակական տեղաշարժեր տեսանելի ապագայում չեն սպասվում:
Մաքսային միության հարցում նման անորոշության լույսի ներքո ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարները հստակ ուրվագծեր են ստանում: Որքանո՞վ է տեղին հայկական կողմի խանդավառությունը`ԵՄ-ում ռեցեսիան հաշվի առնելով:
Եվրոպան աստիճանաբար սկսում է հաղթահարել ճգնաժամի հետևանքները: Ամենաբարդ շրջանն արդեն հետևում է: Այսօր եվրոպական մի շարք առաջատար երկրներում`Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա և այլն, տնտեսության աճի միտումներ են նկատվում Հետևաբար, կարծում եմ, որ այդ ռեցեսիայից դուրս գալուն զուգընթաց Եվրոպան մոտ ժամանակներս կուժեղացնի իր համագործակցությունը հարևանների հետ, այդ թվում`հետխորհրդային տարածությունում: Բացի այդ, չնայած ԵՄ-ն հետևողականորեն փորձում է առաջ մղել ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագիրը 6 երկրների հետ`այն ԵՄ-ին անդամակցության հարց չի դնում: Հետևաբար`Բրյուսելը մտավախություն չունի, որ այդ 6 երկրները որոշակի բեռ կդառնան իր համար: Այո, Հայաստանը պետք է ամենից շատ շահագրգռված լինի ԵՄ-ի հետ մերձեցմամբ, քանի որ եվրոպական խաղի կանոններն առավելագույնս հստակ են`ի տարբերություն, օրինակ, Մոսկվայի առաջարկած Մաքսային միության:
Եթե Մաքսային միությունում ամեն ինչ հստակ չէ, ինչո՞վ է պայմանավորված եվրոպացի պաշտոնյաների մտավախությունը, որոնք պարբերաբար երկընտրանքի առաջ են կանգնեցնում Հայաստանին:
Եվրոպացիները հասկանում են, որ Մաքսային միությունում խաղի կանոնները հակասում են իրենց կանեններին: Այդ պատճառով նրանք հարց են դնում: Բայց պետք է հասկանալ, որ այդ երկընտրանքը վերաբերում է միայն տնտեսական համագործակցությանը: Ռազմաքաղաքական ոլորտում ԵՄ-ն Հայաստանում Ռուսաստանի դերին չի հավակնում:
Թույլ տվեք անցում կատարել մեկ այլ`Հայաստանի համար ոչ պակաս կարևոր խնդրի: Ձեր կարծիքով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրադարձությունների ի՞նչ զարգացում է սպասվում մոտ ժամանակներս:
Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում որևէ առաջընթաց չի սպասվում, և պատճառները մի քանիսն են: Ադրբեջանում շուտով տեղի կունենան նախագահական ընտրություններ, և Բաքուն հիմա բանակցությունների ժամանակ չունի: Բացի այդ, մեկ տարի շարունակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով բանակցությունները գործնականում դադարեցված են, և իրավիճակն էլ ավելի է վատթարացրել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան և ներում շնորհելը: Բանը հասել է այնտեղ, որ Փարիզում համանախագահների հետ վերջին հանդիպմանն արդեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն էլ չեն հանդիպել: Բանակցային գործընթացի առաջխաղացմանը չնպաստող հաջորդ գործոնը կողմերի փոխվստահության բացակայությունն է: Հասկանալի չէ`ինչպես կարելի է վստահել Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց հետո: Եվ, վերջապես, ՙԽոջալուի ցեղասպանության՚ մասին հեքիաթները: Այդ մտացածին ՙցեղասպանությունը՚ նվազագույնի է հասցնում փոխզիջման և որևէ զգալի արդյունքի հասնելու շանսերը:
Կարծում եմ`լռության փուլում հայկական դիվանագիտությունը պետք է շատ ակտիվ աշխատի այլ երկրների հետ`հատկապես խորհրդարանական հատվածի: Միջխորհրդարանական երկխոսությունը, փոխադարձ այցերը և քննարկումներն այս շրջանում խիստ կարևոր են` միջազգային հանրությանը հակամարտության մասին ճշմարտությունը հաղորդելու, դրա աղավաղումը թույլ չտալու և, այսպես կոչված, ՙԽոջալուի ցեղասպանության՚ մասին տարատեսակ բանաձևերը կանխելու առումով: