


Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը զարմացած չէ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությամբ, որ կուսակցությունն ընդդիմություն չի դառնա: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամլո ասուլիսի ժամանակ:
ՙԾառուկյանը որևէ նոր բան չի հաղորդել, նրանք երբեք չեն հայտարարել ընդդիմադիր լինելու մասին: Իսկ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը միշտ հայտարարել է, որ կհամագործակցի ԲՀԿ-ի հետ միայն այն ժամանակ, երբ նրանք հայտարարեն ընդդիմադիր լինելու մասին, ինչը տեղի չի ունեցել՚,- նշել է նա:
Իսկ ՀԱԿ դաշինքի պառակտման առնչությամբ Դեմիրճյանը հայտարարել է, որ հավերժ համագործակցություններ չեն լինում, և դաշինքներն ստեղծվում են ընտրություններին մասնակցելու համար: Պատգամավորի կարծիքով, ՙՀայոց համազգային շարժում՚ հասարակական կազմակերպության և ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության ստեղծումը քաոս է ստեղծում Հայաստանի քաղաքական դաշտում: ՙԵս համագործակցում եմ նրանց հետո, մենք լավ հարաբերությունների մեջ ենք, սակայն կուսակցության և դաշինքի, կուսակցության և հասարակական կազմակերպության միանունությունը շփոթեցնում է ինչպես լրագրողներին, այնպես էլ`հասարակությանը՚,- ասել է նա:



