Հայաստանի
կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագրի ստորագրման շուրջ
բանակցություններն առայժմ շարունակվում են, և չլուծված է մնում մի քանի հարց,
որոնք առնչվում են զուգահեռ ներմուծմանը: Այդ մասին մայիսի 13-ին լրագրողներին
հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նախարարը նշել է, որ բանակցությունների ավարտի ոչ մի
ժամկետ չկա, անդրադառնալով այն հարցին, որ ավելի վաղ որպես պայմանագրի ստորագրման
վերջնաժամկետ նշվել էր 2014 թվականի հունիսի 1-ը: «Եվրասիական տնտեսական միությանը
Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը կկնքվի հունիսի 1-ին` թե ոչ, կախված է
բանակցությունների արդյունքից: Պայմանագրի ստորագրման ճանապարհին ոչ մի
սկզբունքային տարաձայնություն չկա, կա մի քանի հարց, որոնք արդեն կարելի է համարել
համաձայնեցված: Առայժմ լուծված չեն մի քանի տեխնիկական հարցեր, որոնք առնչվում են
զուգահեռ ներմուծմանը: Կարծում եմ, որ ամենամոտ ժամանակներս բանակցությունները
կավարտվեն», - ասել է նախարարը:
Նախարարը նշել է, որ «զգայուն» ապրանքների ցուցակում,
որոնց մաքսատուրքերը Հայաստանը ցանկանում է անփոփոխ թողնել, ներառված է ավելի քան
800 անվանում: Նա հավաստիացրել է, որ հանրապետության համար կարևոր սոցիալական
նշանակություն ունեցող ապրանքների շուրջ արդեն հաջողվել է պայմանավորվել:
Հիշեցնենք,
որ ապրիլին էկոնոմիկայի նախորդ նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողներին հաղորդել
էր, թե Հայաստանն ապրիլի 29-ին Մինսկում
կստորագրի Մաքսային միությանն անդամակցության շուրջ պայմանագիրը, իսկ մինչև մայիսի
վերջը` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շուրջ պայմանագիրը: