Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի գտնում: Ինչպես հայտնում է Trend-ը`վկայակոչելով թուրքական TRT-Haber-ը, այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավուօղլուի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, միջազգային հանրության կողմից ճանաչված ՙԱդրբեջանի տարածքները՚ գտնվում են ՙօկուպացիայի՚ ներքո: Եվ այս համատեքստում Ալիևը հաղորդել է, որ Թուրքիայի վարչապետի հետ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները:
ՙՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենաազդեցիկ միջազգային կառույցն է աշխարհում: Այդ կառույցը չորս բանաձև է ընդունել: Հայկական կողմն ուղղակի անտեսում և չի կատարում դրանք: Ցավոք, միջնորդների գործունեությունը որևէ արդյունք չի տալիս, և միջազգային իրավունքը կոպտորեն խախտվում է Հայաստանի կողմից՚,- ընդգծել է նա:
Ալիևը նշել է, որ գոյություն ունեն հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային կազմնակերպությունների որոշումները և բանաձևերը: Նա ընդգծել է , որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի այդ որոշումների ու բանաձևերի հիման վրա`Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և համոզմունք հայտնել, որ կգա այդ օրը, երբ երկիրն ամբողջովին կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: