Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները հաստատել են Ադրբեջանի տարածքում Հայաստանի քաղաքացու ձերբակալման մասին տեղեկատվությունը, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
ՙԲաքվում ԿԽՄԿ ներկայացուցչությունն այժմ բանակցություններ է վարում ձերբակալվածի հետ շուտափույթ հանդիպման համար՚,- հաղորդել է նա` ավելացնելով, որ առայժմ սա ողջ տեղեկատվությունն է, որին տիրապետում է կազմակերպությունը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում ՙհայ դիվերսանտ՚ է ձերբակալվել: Իրականում նա Հայաստանի 77-ամյա քաղաքացի Մամիկոն Խոջայանն է, ով հոգեկան խանգարումներ ունի: Հայկական կողմի վարկածի համաձայն, Խոջայանը մոլորվել է ու հայտնվել հակառակորդի տարածքում: