Ռուսաստանը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության ձեռքբերմանը: Այդ մասին է պնդում The New York Times թերթում հրապարակված ՙՀաջորդ տարածքը, որը կզավթի Ռուսաստանը՚ հոդվածի հեղինակը:
Հոդվածում նշվում է, որ Ուկրաինան միակ երկիրը չէ, որտեղ Ռուսաստանը ՙջուր է պղտորում՚: ՙ1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո Մոսկվան մշտապես աջակցել է անջատականներին Ռուսաստանին սահմանակից պետություններում, որպեսզի ստիպի վերջիններիս ենթարկվել իր դիկտատին: Վերջին նման դեպքը Հարավային Կովկասում էր: Վերջին շաբաթներին Մոսկվան, ըստ երևույթին, սկսել է սրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղեմի հակամարտությունը`խաղաղարարի դեր խաղալով երկու պետությունների համար:
Չնայած 1994 թ. ընդունված հրադադարի մասին համաձայնագրին`ժամանակ առ ժամանակ բռնկվում են ռազմական գործողություններ: Ավելին, Ռուսաստանը միջոցներ է գտել, որպեսզի հակամարտությունը չմարի: 1990-ական թթ. Հայաստանը և Ադրբեջանը երեք անգամ խաղաղարար համաձայնագրեր են ստորագրել, սակայն Ռուսաստանը միջոցներ է գտել, թե ինչպես ստիպի Հայաստանին չպահպանել դրանք: Որպես նման միջոցներից մեկը`նշվում է ահաբեկչությունը Հայաստանի խորհրդարանում:
ՙՉկարգավորված հակամարտությունն արդարացնում է ռուսական զորքերի մուտքը հակամարտության գոտի`զսպելու համար երկու կողմերին: Ռուսական զորքեր մտցնելուց հետո կողմերից որևէ մեկը չի կարող սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ՚,- գրում է հեղինակը:
Ըստ թերթի, Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումը կարող է խանգարել վիթխարի գազատարի կառուցմանը, որի նախագիծը հավանության է արժանացել անցած տարվա դեկտեմբերին, և որը թույլ կտար նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական վառելիքից: Սակայն, հրապարակման հեղինակը խիստ զարմացած է, որ ամերիկացի պաշտոնյաները մարտական վերջին գործողություններին արձագանքել են հայտարարությամբ, թե իրենք ՙողջունում՚ են Ռուսաստանի հովանու ներքո բարձր մակարդակով հանդիպումը:
ՙՄի±թե Վաշինգտոնը ոչինչ չսովորեց Վրաստանի և Ուկրաինայի իրադարձություններից հետ: Կովկասում հակամարտության սրումը կանխելու և Պուտինին նոր հողեր զավթելու առիթից զրկելու համար նախագահ Օբաման Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին պետք է հրավիրի Վաշինգտոն և ցույց տա, որ Ամերիկան չի հրաժարվել Հարավային Կովկասից: Դա թույլ կտար երկու երկրների առաջնորդներին դիմակայել Ռուսաստանի ճնշմանը՚,- ասվում է հոդվածում:
Հեղինակն արևմտյան առաջնորդներին կոչ է անում ռազմավարություն մշակել`թույլ չտալու Մոսկվային սահմնանամերձ այլ տարածաշրջաններ զավթել: Լեռնային Ղարաբաղը հաջորդ ճակատը կդառնա, որտեղ Ռուսաստանը ջանք կգործադրի կորցրած կայսրությունը վերականգնելու համար: