ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման շուրջ տեղի ունեցող գործընթացներին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտարարել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որևէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի և Արցախի միջև պատնեշների ստեղծումը:
ՙՌոբերտ Քոչարյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս՚,- ասել է Սողոմոնյանը:
Նշենք, որ մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կրկին հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման հարցում պետք է հստակեցվի ղարաբաղյան հարցը: Մասնավորապես, նա ընդգծել է, որ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ այն սահմանների շրջանակում, որոնցում անդամակցել է ԱՀԿ-ին: ՙՄենք Ադրբեջանի նախագահից նամակ ենք ստացել այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակում, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, ինչպես նաև ԱՀԿ-ը: Սա` քննարկման համար՚, - ասել է Ղազախստանի նախագահը: Մայիսի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է. ՙՂարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ՚: