


Կառավարությունն իր վրա կվերցնի Տուլայում ՃՏՊ հետևանքով զոհվածների հուղարկավորության և տուժածների բուժման բոլոր ծախսերը: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետի առաջարկությամբ կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ղեկավարությամբ: «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Գագիկ Բեգլարյանն արդեն երկու օր է գտնվում են Տուլայի նահանգում, և իրենց անմիջական աջակցությունն են բերում մեր հայրենակիցներին: Շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին: Երեկ մենք ՀՀ Նախագահի հետ քննարկել և որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը՝ և բուժման, և հուղարկավորության, կառավարությունն իր վրա է վերցնելու՚,-նշել է վարչապետը:
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 2:10–ին, Տուլայի մաարզում վթարի էր ենարկվել Մոսկվա-Երևան երթուղով ընթացող չինական Higer ավտոբուսը, որի վարորդը, առայժմ անհայտ պատճառներով, կորցրել էր մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել էր: Վերջին տվյալների համաձայն, ավտովթարի հետևանքով 8 մարդ է զոհվել, կա 47 տուժած: Տուլայի մարզի ոստիկանությունը ՃՏՊ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և փոխադրամիջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշության հետևանքով հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան): Վարորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսվա կալանքը:



