


«Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը բացառում է Տուլայի մարզում վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսի անսարքության հնարավորությունը: Հենց անդ ընկերությանն է պատկանում վթարի ենթարկված ավտոբուսը:
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում Հարությունյանը հայտարարել է, որ բոլոր ավտոբուսները երթուղի դուրս գալուց առաջ համապատասխան ստուգում են անցնում, և եթե թերություն է լինում, թույլ չեն տալիս երթուղի դուրս գալ։ «Իսկ եթե ճանապարհին մեքենան խնդիր է ունենում, վարորդը մեքենան կանգնեցնում է, զանգում է, մենք փոխարինող ենք ուղարկում։ Այս դեպքում զանգ չի եղել, որ խնդիր կա, որ փոխարինող ուղարկենք։ Մեքենան դուրս է եկել իդեալական վիճակում։ Անկախ բոլոր խոսակցություններից, ես բացառում եմ տեխնիկական խնդիրը», - ասել է ընկերության սեփականատերը։
Վերջին տվյալների համաձայն, Տուլայի մարզում ավտովթարի հետևանքով 8 մարդ է զոհվել, կա 47 տուժած: Մոսկվա-Երևան երթուղով ընթացող չինական Higer ավտոբուսի վարորդը, առայժմ անհայտ պատճառներով, կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է: Տուլայի մարզի ոստիկանությունը ՃՏՊ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և փոխադրամիջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշության հետևանքով հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան):



