Արմինֆո.Հայաստանի ընդդիմադիր ուժերին միավորվելու և կոնկրետ գործողությունների դիմելու կոչով է դիմել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ Facebook-ի իր էջից:
«Ես ամաչում եմ, որ 7-8 տարի նույն շենքում եմ աշխատել: Ամաչում եմ ասել, որ ես ևս ԱԺ պատգամավոր եմ եղել: Ես զարմանում եմ մեր ընդդիմության վրա. էլ ի՞նչ անեն Նիկոլն ու իր պատանդներն այդ դահլիճում, որ դուք հասկանաք՝ պիտի արագ միավորվել ու ռեալ քայլ անել: Էլ ի՞նչ: Ժողովրդին հղում մի արեք, խնդրում եմ: Եթե ժողովրդին մնա, երազում է, որ մի ուժեղ ձեռք ուղղակի վերացնի Ազգային ժողով կոչվող այս անորակ կրկեսը», - գրել է Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լեզվակռիվ էր տեղի ունեցել ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ՝ Լևոն Քոչարյանի ելույթից հետո: Այդ լեզվակռիվն ի վերջո վերածվել էր ուղիղ առճակատման, որից հետո ընդդիմությունը լքել էր ԱԺ նիստերի դահլիճը: