Արմինֆո. Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ գործին:
«Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։
Հանրության աջքի առաջ է եղել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում Լեւոն Քոչարյանին, ընդ որում՝ քննության ընթացքում անձինք են հարցաքննվել, որոնք հաստատել են այդ փաստը, իսկ Լեւոն Քոչարյանի մարմնի վրա բռնության հետքերի եւ մարմնական վնասվածքների առկայությունը հաստատվել է նաեւ դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն 2023 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընդ որում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նմանատիպ գործերի դեպքում գործուն քայլեր անելու համար կարեւոր նշանակություն ունի հենց դատաբժշկական եզրակացությունը, որը Լեւոն Քոչարյանի դեպքում առկա է, մինչդեռ ակնհայտ է, որ այս մոտեցումն անտեսվում է պատգամավորի գործի դեպքում եւ զավեշտալի ձեւով փորձ է կատարվում ներկայացնել իրողությունն այնպես, թե իբր Լեւոն Քոչարյանի մարմնի վրա առկա բռնի հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում։
Հ.Գ. Քրեական վարույթը նախաձեռնվել է խոշտանգման հատկանիշներով, որն ի դեպ վաղեմություն չունի, հետեւաբար վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է», - ընդգծել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 23-ին ՝ ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ։ Սեպտեմբերի 25-ին դատարանը նրան կալանավորել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանության չորս աշխատակցի ծեծի ենթարկելու համար։ Նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանին կալանքից ազատել են, քանի որ ԿԸՀ որոշմամբ նա ստացել էր պատգամավորական մանդատ, որից հրաժարվել էին մյուս պատգամավորները: