Արմինֆո. Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն իրավական ուժ չունի եւ հակասում է թե Արցախի մայր օրենքին, թե այլ իրավական ակտերի: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով Շահրամանյանի համապատասխան հրամանագիրը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, վստահ եմ՝ շատերդ գիտեք կամ հասկանում եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հայկական երկրորդ պետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիր կայացնելու դրդապատճառները։ Ոմանք նաև պատկերացնում են, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ պետության ղեկավարը, հրամանագրով պետություն լուծարելու լիազորություն չունի։
Այնուամենայնիվ, հանրության տարբեր շրջանակներ, հաշվի չառնելով անգամ այն, որ, այսպես կոչված, Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը, որպես իրավական ակտ, անգամ ուժի մեջ չի մտել, տարբեր եղանակներով շահարկել են այն, Սամվել Շահրամանյանին անվանել Արցախը լուծարող նախագահ և այլն։
Ավելին՝ հենվելով հրամանագրի բովանդակության վրա՝ ՀՀ-ում տարբեր անձանց, այդ թվում՝ արցախյան համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին առաջադրվել են քրեական մեղադրանքներ՝ պատճառաբանելով, որ Արցախի պետությունն ու համայնքները լուծարված են, իսկ պաշտոնատար անձանց լիազորություններն էլ դադարեցված, հետևաբար նրանց կողմից այս կամ այն լիազորությունն իրականացնելը քրեորեն պատժելի է։
Ինչ-որ հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարված լինելու հարցին լուրջ վերաբերողների համար և հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Երևան տեղափոխվելուց հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կայացրել է ստորև հրապարկված մեկ այլ հրամանագիր, որով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Այս մասին Սամվել Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության իշխանությանը:
Չնայած ո’չ այս և ո’չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, երկուստեք հակասում են թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող, այնուամենայնիվ, հրապարակում եմ ԱՀ նախագահի 659-Ն հրամանագիրը՝ բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել։
Հիշեցնում եմ նաև, որ Ադրբեջանը մոտ 30 տարի Շուշիի, Աղդամի և այլ համայնքների ղեկավարներ է ունեցել, ուստի տարածքային կորստով Արցախի էջը փակված մի’ համարեք։ Մենք մերը հետ ենք ստանալու», - գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ ստորագրել է հրամանագիր, որով 2024 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ-ը դադարեցնում է իր գոյությունը: Փաստաթուղթն այդպես էլ չի հրապարակվել, և ոչ ոք այն չի տեսել։ Հրամանագիրն ստորագրվել է ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի և Արցախի ողջ բնակչության ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի պայմաններում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության զանգվածային հարկադիր ելքից հետո արդեն Երևանում Շահրամանյանը հրամանագիր է հրապարակել, որով չեղյալ է հայտարարել իր նախորդ որոշումը: Չնայած դրան, հայաստանյան հանրային դաշտում պարբերաբար տարբեր տեսակի շահարկումներ են ի հայտ գալիս այդ առնչությամբ։ Ավելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանում չի կարող լինել Արցախի վտարանդի կառավարություն, և երկրում կա միայն մեկ ռազմաքաղաքական ղեկավարություն՝ Հայաստանի: