Արմինֆո. Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում կայացած մրցաշարում դարձել է WPU վարկածով աշխարհի չեմպիոն՝ հաղթելով Ղրղըզստանի ներկայացուցիչ Ուրմատ Ամանկուլովին:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, հայ բռնցքամարտիկն իր հաղթանակը նվիրել է լեգենդար "Արաբո" կամավորական ջոկատի անձնվեր զինվորներին, արցախցիներին և սփյուռքում ապրող հայրենակիցներին՝ կարևորելով ազգային միասնության պահպանումն ու Հայրենիքի հանդեպ հոգատարությունը:
Նշվում է, որ մարտի առաջին վայրկյաններից Յուրի Սաքունցը դրսևորել է վճռականություն և հաղթելու անկոտրում կամք: Երկրորդ ռաունդում նա երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, ապա հզոր և ճշգրիտ հարվածով ավարտել է մենամարտը նոկաուտով:
Յուրի Սաքունցն ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն է, բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ձեռք է բերել համաշխարհային ձեռնամարտի չեմպիոնի և Եվրոպայի ուժային ըմբշամարտի չեմպիոնի կոչումներ: Նրա անունը նշված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ութ բացառիկ նվաճումներով: