Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարությունում նկատելիորեն արագացրել են Հայաստանում արեւմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվության խթանմանն ուղղված միջոցառումների համալիրին առնչվող աշխատանքը: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը ։
"Վաշինգտոնում կարեւոր են համարում ուժեղացնել "ուղղորդող ներգործությունը" Հայաստանի քաղաքական վերնախավի նկատմամբ՝ դրդելու Երեւանին, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել զարգացման արեւմտամետ ձեւաչափի վերջնական վերակողմնորոշման գործընթացը", - ասվում է ՌԴ ԱՀԾ հաղորդագրությունում: Ընդ որում, նշվում է, որ այդ խնդիրն ամերիկացիները ծրագրում են լուծել Ուկրաինայում եւ Մոլդովայում փորձարկված սխեմաներով:
"ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ փոխկապակցված "ժողովրդավարացման" ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ընդլայնել պատրաստման դասընթացները Հայաստանի առանցքային պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար եւ ապահովել դրանցում օտարերկրյա խորհրդատուների լայն ներկայությունը' Հայաստանի կառավարության աշխատանքը սրբագրելու համար՝ Արեւմուտքի շահերին համապատասխան",-հայտարարել են ԱՀԾ- ում:
Նաեւ նշվում է, որ խնդիր է դրված Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ:
"Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է իրականացնել երկարաժամկետ տեղեկատվական - քարոզչական արշավ, որը նախատեսում է նաեւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ - ի հետ Երեւանի համագործակցության հեռանկարների վարկաբեկում, մեր երկիր արտագնա աշխատանքի եկած հայ քաղաքացիների "ճնշումների" մասին նյութերի տարածում",- շարունակել են Ռուսաստանի ԱՀԾ մամուլի բյուրոյում:
"ԱՄՆ-ի գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ հանրակցությանը հաղորդակից լինելու "բարձր նպատակին" հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, պետք է հրաժարվի սեփական ավանդույթներից, ազգային հասարակական հիմքերից և Հայաստանի շահերից բխող կայուն առևտրատնտեսական կապերից ԵԱՏՄ իր մերձավոր գործընկերների հետ, որոնք վերջին տարիներին ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը։ Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային "ինքնասպանության", - ամփոփել են Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունում։