Արմինֆո. Հոկտեմբերի 25-26-ը Երևանում կանցկացվի "Ընդհանուր լեզու գտնել" խորագրով նախագիծը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են միջոցառման կազմակերպիչները, փառատոնի շրջանակում Երևանի փոքր թատրոնում տեղի կունենա Արցախի, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի 30 երիտասարդների կողմից ստեղծված ներկայացման պրեմիերան:
"Նրանք 10 օր աշխատել են միջազգային պարուսույցների և երաժիշտների հետ՝ ընդհանուր լեզու գտնելու համար, որը դուրս է գալիս մշակույթի, ծագման, լեզվի, սեռի և ֆիզիկական առանձնահատկությունների տարբերությունների շրջանակից: Կատարողների միջազգային թիմում ընդգրկված են. Լարիսա Աֆանասևա՝ Ուփսալայի կրկեսի տնօրեն, Իլյա Գինդին՝ Dobranoch խմբի երաժիշտ, Դենիս Վեդմեցկի՝ Drum Theatre նվագախմբի հիմնադիր, Արտակ Խաչատրյան՝ դուդուկահար, Դիմիտրի Լեկվեիշվիլի՝ մուլտի ինստրումենտալիստ և կոմպոզիտոր, Ալիկա Պաեսկե՝ պարուսույց և մոդել, Հասմիկ Թանգյան՝ պարուհի, Ժամանակակից խորեոգրաֆիայի լաբորատորիայի հիմնադիր", - ասվում է հաղորդագրությունում:
Բացի այդ, հոկտեմբերի 25-ին Գյոթեի կենտրոնում տեղի կունենա "Դեպի հավասարություն. մշակույթը և կրթությունը երկխոսության մեջ" բանավեճային նախագիծը, որի նպատակն է Հայաստանի մշակութային և կրթական ոլորտներում մատչելիության խնդիրների հաղթահարումը՝ Հայաստանի և Գերմանիայի փորձագետների միջև երկխոսության և փորձի փոխանակման միջոցով: Միջոցառման մասնակիցները կծանոթանան Գերմանիայի առաջավոր փորձի օրինակներին, կմասնակցեն հայտնի փորձագետների հետ քննարկումներին և լուծումներ կմշակեն իրենց կազմակերպության համար:
Քննարկումը վարելու են թանգարանային փորձագետ և մշակութային հաստատություններում և թանգարաններում ներառականության և մատչելիության հարցերի խորհրդատու, դոկտոր Քրիստիան Շրոյբերսը և արվեստի համակարգող և մանկավարժ դոկտոր Քեյթ Բրեմանը:
Տեղեկատվության համաձայն, "Ընդհանուր լեզու գտնել" նախագիծն իրականացվում է գերմանական High Art Bureau ընկերության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, և Հայաստանում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի երեւանյան կենտրոնի աջակցությամբ: