Արմինֆո. Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը վերանայել է սպառազինության գնումների ծրագիրը։ ԱԹՍ-ների փոխարեն նա գնել է Սու-30 կործանիչներ, որոնք չեն օգտագործվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այ, թող գնան և ներողություն խնդրեն դրա համար: Այդ մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ նախկին իշխանության կողմից կազմված ՀՀ Զինված ուժերի համար բանակի վերազինման ծրագրի համաձայն, նախատեսվում էր գնել շուրջ 2500 ԱԹՍ: Ընդ որում, դրանց համար պատրաստ են եղել պայմանագրեր, ինչպես նաև նախատեսված են եղել ֆինանսներ դրանց գնման համար։ Դրանց մոտ կեսը պետք է տեղափոխվեր ՀՀ և զինված ուժերի սպառազինություն ընդունվեր՝ մինչև 2020 թվականը։
Մինչդեռ, նրա ասելով, Փաշինյանի կառավարությունը ԱԹՍ-ները փոխարինել է Սու-30-ներով, որոնք չեն օգտագործվել և չէին էլ կարող օգտագործվել Արցախում, քանի որ եղել են մարտագլխիկներին առնչվող խնդիրներ։
Անդրադառնալով իշխանությունների եւ նրանց արբանյակների մեղադրանքներին, թե՝ պատերազմի ընթացքում սպառազինության սուր պակաս է զգացվել, ընդդիմադիր պատգամավորը "առանց թվերի մեջ խորանալու" հայտարարել է, որ պատերազմում օգտագործվել է առկա արկերի կեսից պակասը: "ՀՀ զինված ուժերը սպառազինության հետ կապված խնդիրներ չեն ունեցել",- հայտարարել է նա, նաև նշելով, որ ՀՀ ԶՈՒ կեսից պակասն է ներգրավված եղել 44-օրյա պատերազմում: Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Սու-30ՍՄ կործանիչները ձեռք են բերվել 2020 թվականի մայիսին, և կառավարությունը, պարզապես, չի հասցրել կործանիչների համար հրթիռներ գնել, թեև դեռևս 2019 թվականի դեկտեմբերին վարչապետի մամուլի ծառայությունը և Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաղորդել էին, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներով։ "Դժբախտաբար, պատերազմի ընթացքում մենք չհասցրեցինք ձեռք բերել բոլոր այն անհրաժեշտ պարագաները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային Սու-30ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել ըստ իր նշանակության և հզորությանը համապատասխան", - ասել էր Փաշինյանը: