Արմինֆո.Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ Անա Օլիվերայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու պետությունների միջև համագործակցության հետագա ակտիվացման համար:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայը մշտապես կապված են եղել բարեկամական կապերով և երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր բնագավառներում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ղեկավարությանն այն աջակցության համար, որ մշտապես ցուցաբերում է մեր երկրին առնչվող հարցերի նկատմամբ:
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ մեծ ուրախությամբ և ոգևորվածությամբ է այցելում Հայաստան: Անա Օլիվերան ընդգծել է Ուրուգվայի հայ համայնքի ուրույն դերը մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է տնտեսության, կրթության, սպորտի, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչմանն ուղղված քայլերի խթանման կարևորությունը: Ընդգծվել է միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության դրական դերը:
Կողմերը բարձր են գնահատել Ուրուգվայում ՀՀ դեսպանատան բացման կարևորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում Անա Օլիվերան շեշտել է, որ Ուրուգվայը միանշանակ աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի դիրքորոշմանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկների վերաբերյալ: