Արմինֆո. Ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի միջուկային էներգիայի ոլորտի զարգացմամբ: Այդ մասին հայտարարվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ատոմային էլեկտրակայանների համար սարքավորումների մշակման և արտադրության ոլորտում մասնագիտացած «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հանդիպման ժամանակ:
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նշենք, որ Framatome-ը ստեղծվել է 1958 թվականին ՝ որպես Schneider, Merlin Gerin և ամերիկյան Westinghouse Electric ընկերությունների համատեղ ձեռնարկություն ՝ Եվրոպայում Westinghouse միջուկային տեխնոլոգիաների առաջխաղացման համար։ Ընկերությունը հայտնի է միջուկային էներգետիկայի ոլորտում իր նորարարական լուծումներով և առաջադեմ տեխնոլոգիաներով: