Արմինֆո.Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամենաբարձր կետում չեն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ «Arab News» պարբերականի հետ հարցազրույցում:
«Իհարկե, կան բարդություններ, և մենք չենք կարող և չենք ուզում թաքցնել այդ բարդությունները։ Խնդիրներ կան, և հարցեր կան հայ հասարակության շրջանում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործելակերպի, ինչպես նաև մեր ռուս դաշնակիցների կեցվածքի վերաբերյալ, երբ մեր ինքնիշխան տարածքները հարձակման էին ենթարկվում 2022թ., 2023թ. և դրանից առաջ։ Այսպիսով, իսկապես կան որոշ խնդիրներ, բայց միաժամանակ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է արտգործնախարարը:
Ինչ վերաբերում է ԵՄ հետ հարաբերություններին, արտգործնախարարի ասելով, իրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ: «Այդ ձգտումներն ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության ֆոնին, որը ՀՀ քաղաքացիներն ունեցան հայ ռուսական հարաբերություններում առաջ եկող խնդիրների ֆոնին, բայց չսահմանափակվելով միայն դրանով: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ հետ: Նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Այժմ նրանք ցուցաբերում են մեծ հետաքրքրություն Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ուժեղացնելու հարցում: Այսպիսով, մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ: Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե այդ ճանապահը մեզ դեպի ինչ հանգրվան կտանի», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: