Արմինֆո. Եթե Հայաստանում գտնվի մեկը, ով հերքի Ռուսաստանի գործոնը պետության անվտանգության ապահովման գործում, դա նշանակում է, որ այդ մարդը հեռու է հայ ժողովրդի պատմությունից: Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտարարել է "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա ասելով՝ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ է։ Նա մատնանշել է Արևմուտքի դիրքորոշումն այս հարցում, հավելելով, որ նրա դրդմամբ ներկայիս իշխանությունները երկրում ռուսատյացության քաղաքականություն են վարում։ Պատգամավորը, հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է ինքնուրույն լուծի իր խնդիրները, նշել է, որ աշխարհում ոչ մի երկրի չի հաջողվել միայնակ հասնել դրան: Օրինակ, Ադրբեջանը կարողացավ հաղթել 44-օրյա պատերազմում բացառապես Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի և իսլամական զինյալների օգնության շնորհիվ։
Մինասյանը կարծում է, որ Փաշինյանն ու իր թիմը ձգտում են Ռուսաստանին հեռացննել Հայաստանից՝ խաղալով Բաքվի և Անկարայի օգտին։ "Չի կարելի ողջ մեղքը բարդել ուրիշների վրա։ Բոլորը պատասխանատվություն են կրում Հայաստանի և Արցախի անհաջողությունների համար, Բայց Փաշինյանն ամեն ինչ հանգեցնում է այն բանին, որ ինչ-որ մեկն անընդհատ ուզում է իրեն զրկել իշխանությունից: Սկզբում նա մեղադրում էր ընդդիմությանը, հետո՝ Ռուսաստանին, Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, իսկ հիմա՝ հենց ղարաբաղցիներին", - հայտարարել է Մինասյանը՝ նշելով Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտությունը։
Խորհրդարանականն ընդգծել է որ շատերը, այդ թվում նաև ընդդիմությունը, դժգոհ են Ռուսաստանի պահվածքից: Սակայն դա չի նշանակում , որ Երևանը պետք է ագրեսիվորեն քննադատի Մոսկվային և Հայաստանին մենակ թողնի թշնամիների հետ ։