Արմինֆո. Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ որևէ քննարկում և պայմանավորվածություն չկա։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությունն այն մասին, որ Էնթոնի Բլինքենը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ընդունել Վաշինգտոնում՝ բանակցություններ վարելու համար:
Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանը երբեք չի հրաժարվել նման հանդիպումներից, մինչդեռ, Ադրբեջանն արդեն 3 անգամ մերժել է խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններ վարելու հնարավորությունը: "Մենք ակնկալում ենք ադրբեջանական կողմի կառուցողականությունը, եւ այն, որ բացի հայտարարություններից, որ իրենք խաղաղություն են ուզում, որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ պատմական շանս կա, նաեւ գործնականում կարողացել են անել քայլեր, որոնք կհանգեցնեին իրական խաղաղության", - ասել է ԱԺ նախագահը:
Նա նշել է, որ հայկական կողմի համար կարևոր է միայն այն, որպեսզի հարթակը, որտեղ տեղի կունենան բանակցությունները, լինի գործող։ Մինչդեռ, Ադրբեջանը, խոսնակի կարծիքով, խուսափում է միջազգային
հարթակից, քանի որ հասկանում է, որ միջազգային գործընկերներն արդեն ծանոթ են նրանց գործելաոճին, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչը նրանց բարդ դրության մեջ է դնում։ <Դա փաստ է: Եվ այդ պատճառով նրանք խուսափում են միջազգային հարթակներից, որովհետեւ որ բոլորը տեսնում են հայկական և ադրբեջանական կողմերի մինջեւ տարբերությունը", - ասել է Սիմոնյանը։