Արմինֆո. Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը կհակասեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Ճշգրտող հարցին, թե՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի առաջիկա այցը Բաքու շեղում է Ադրբեջանի նկատմամբ ավելի վաղ հայտարարված ամերիկյան քաղաքականությունից, Միլլերը պատասխանել է, որ՝ ամենևին էլ ոչ։ "Մենք երբեք չենք ասել, թե չենք պատրաստվում շարունակել համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Դա կհակասի մեր շահերին՝ որպես ԱՄՆ։ Մենք կարծում ենք, որ եթե մենք, պարզապես, դադարեցնեինք մեր բոլոր դիվանագիտական հարաբերություններն Ադրբեջանի հետ, դա կհակասեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին։ Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի պարզենք, օրինակ, թե Ադրբեջանի պարագայում, ինչն է մեզ անհանգստացնում", - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում մտահոգված են լրագրողների ձերբակալման վերջին միտումով: "Մենք շարունակում ենք նրանց կոչ անել հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ բոլորի համար, ինչի մասին ես նախկինում խոսել եմ այս ամբիոնից։ Մենք նաեւ շարունակում ենք համագործակցել նրանց հետ՝ կոչ անելով նրանց ձգտել Հայաստանի հետ հարատեւ խաղաղության։ Եվ դա այն է, ինչը կշարունակի մնալ մեր դիվանագիտական ջանքերի ուշադրության կենտրոնում", - վստահեցրել է դիվանագետը։
Նշենք, որ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենն այսօր կայցելի Բաքու, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ: Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա նոյեմբերի վերջին՝ ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցի ընթացքում։