Արմինֆո.Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի։ Այն հիմնել է Արցախահայությունը, որը իր գերակշիռ մեծամասնությամբ արդեն ՀՀ տարածքում է` Ադրբեջանի գենոցիդալ գործողությունների արդյունքում։ Այդ մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, ակադեմիկոս Արմեն Դարբինյանը՝ փորձելով նախանշել հայկական քաղաքականության հրամայականների իր տեսլականը։
«Պետության հիմնական հենասյունը ժողովուրդն է, այն առկա է։ Հաջորդ սյունը տարածքն է, որը այժմ բռնազավթված է գենոցիդալ թշնամու կողմից, սակայն ունի հստակ գծագրված սահմաններ։
Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի մոբիլիզացնելու ողջ հայության ռեսուրսը` երկու նպատակով. 1) հնարավորինս կարճ ժամկետում ապահովել Արցախահայության համար արժանապատիվ կեցության պայմաններ` կոմպակտ տեղակայման սկզբունքով; 2) ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց ինքնակազմակերպման համար։
Այդ քայլերի իրագործումից հետո Արցախահայության կողմից հանրաքվեով պիտի ընդունվի նոր Սահմանադրություն և Հռչակագիր` վտարանդի պայմաններում Արցախի Հանրապետության գոյության, նպատակների և գործողությունների մասին։ Նաև` Արցախահայության` որպես ՀՀ քաղաքացիների իրավունքների և պարտավորությունների մասին։
Նշված գործընթացներին մեր պետությունը պիտի ուղղակի նպաստի, չհանդիսանալով դրանց անմիջական իրագործողը. ժողովրդավարական պետությունների առանձնահատկությունն հենց այն է, որ հասարակությունն ունի ինքնակազմակերպման և ինքնարտահայտման բոլոր հնարավորությունները։
Պետությունը պիտի շարունակի վարել դեպի խաղաղության պայմանագրեր տանող դիվանագիտությունը։ Իհարկե` նշված կոնտեքստում այն ավելի բարդ է լինելու։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրագործված հակամարդկային և հակաօրինական բռնությունը անհապաղ է դարձնում հանրային, պետական և համահայկական ողջ ռեսուրսի կենտրոնացումը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին ազատելու նպատակով։ Այս կետը պիտի փորձել դարձնել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։
Անհրաժեշտ կհամարեի նաև այս փուլում մորատորիում հայտարարել մեղավորների փնտրտուկի, իրավիճակի մեղքը իրար վրա գցելու նկատմամբ։ Մեզ ուժերի կենտրոնացում է պետք, բավարար է բզկտվելը, ինքնափրկության բնազդը վերջապես պիտի հաղթի ինքնաոչնչացման մոլուծքին։ ԲԱ'ՐՁՐ ՄՆԱՑԵՔ», - գրել է նախկին վարչապետը։