Արմինֆո. Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Ինչպես հաղորդել է Ոստիկանության մամուլի ծառայությունը, ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: «Նա այս պահին ոստիկանությունում է: Հորդորում ենք տեսանյութը չտարածել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում
Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։ «Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։ Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։ Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով», - ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։
Նշենք, որ համացանցում տարածված տեսանյութում կինը, ամենայն հավանականությամբ, երեխայի մայրը, տեսախցիկի առջեւ ծաղրում է անչափահաս դստերը։ Նա ոչ միայն հարվածում է նրան, այլև հավաքականորեն, ևս երկու դուստրերի ներգրավմամբ, թքում է նրա վրա, ինչպես նաև կատարում է արժանապատվությունը նվաստացնող այլ հակաիրավական գործողություններ: Տեսանյութը նկարահանել է կինը։