Արմինֆո. Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե քարտեզով, այլ՝ իրավաբանական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և քննարկման հիման վրա։ Նման հետաքրքիր հայտարարությամբ հանդես են եկել Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ այն բանից հետո, երբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը նախօրեին հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև ըմբռնում կա 1975 թվականի քարտեզներով սահմանազատում անցկացնելու անհրաժեշտության շուրջ։
Ընդ որում, ԱՀ ԱԳՆ-ում չեն պարզաբանել, թե ինչ է ենթադրում "իրավաբանական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծություն և քննարկում" ձևակերպումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ում անթույլատրելի են համարել հարցազրույցի ժամանակ Գրիգորյանի հայտարարությունները, նրան մեղադրելով որոշ հարցերի էությունը խեղաթյուրելու, ինչպես նաև ստանձնած պարտավորություններից խուսափելու, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ հայ հասարակության շրջանում թյուրըմբռնում առաջացնելու Հայաստանի փորձերի համար:
"Այն պահանջների առնչությամբ, թե ինչ հիմքով է իրականացվելու սահմանազատման գործընթացը, նշենք, որ Պրահայի և Սոչիի հանդիպումների հայտարարությունների համաձայն, սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Որպես կանոն, այդ հայտարարություններում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա - Աթայի հռչակագրին հղումները բերվում են հիշատակված սկզբունքների համատեքստում", - հայտարարել են Բաքվում, բնականաբար, չհիշատակելով Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ Երևանի վերապահումների մասին։
"Հայկական կողմին քաջ հայտնի է, որ այս և մյուս հանդիպման ընթացքում ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել որևէ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ։ Միջազգային փորձի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որն Ադրբեջանը մինչ օրս իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավաբանական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և քննարկման հիման վրա: Այդ փորձի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի հետ։ Այս կոնկրետ դեպքում հայկական կողմի համար ավելի օգտակար կլիներ սկսել սահմանազատման աշխատանքը, քան պնդել 1975 թվականի քարտեզը։ Պետք չէ մոռանալ, որ հենց Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո երկար ժամանակ չի պատասխանել սահմանների սահմանազատման վերաբերյալ մեր երկրի առաջարկներից և ոչ մեկին", - նշել են ԱՀ ԱԳՆ-ում, ավանդույթի համաձայն՝ Երևանին մեղադրելով բանակցային գործընթացը տորպեդահարելու համար։