Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հաստատուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությունում։
"Մենք ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է։ Վերջերս մենք երախտագիտություն ենք հայտնել վարչապետ Փաշինյանին՝ խաղաղության գործին նրա նվիրվածության համար, և մենք ողջունում ենք համաներման հարցը քննարկելու վերաբերյալ նախագահ Ալիևի վերջերս արած հայտարարությունը", - ասվում է Միլլերի հայտարարությունում։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Քիշնևում կհանդիպեն եվրոպացի գործընկերների հետ: "Հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի այդ հարցերը բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե բռնության ճանապարհով լուծելու համար: Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի վերքերը: Կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հանրային, և մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հաստատուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկու կողմերի ջանքերին", - ասվում է Միլլերի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Քիշնևում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին հրավիրված են 47 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա հնգակողմ հանդիպում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ, որի ժամանակ, ինչպես սպասվում է, կքննարկվեն խաղաղության պայմանագրի նախագծի դրույթները: