Արմինֆո.Հայաստանը կարծում է, որ Լաչինի միջանցքի ռեժիմի եւ կարգավիճակի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են եւ ամրագրված են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Այդ մասին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։
Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով անխափան և անվտանգ երթևեկությունը։
"Մենք այստեղ արդեն պետք է կասկածներ հայտնենք հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ։ Այսինքն, արդյոք իմաստ ունի որևէ պայմանավորվածության հասնել այլ հարցերի շուրջ, եթե ժամանակի ընթացքում դրանք կրկին պարտադիր կերպով խախտվեն Ադրբեջանի կողմից, որին կհետևեն ավելի խիստ պահանջներ", - հարց է տվել արտգործնախարարը:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման շուրջ։
Արարատ Միրզոյանը նաև հաղորդել է, որ Հայաստանը կրկին ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, որի վրա այժմ աշխատում է: Այդ առնչությամբ նա նշել է, թե, չնայած այն հանգամանքին, որ, մի կողմից, խաղաղության շուրջ բանակցություններ են ընթանում, մյուս կողմից՝ Ադրբեջանի սպառնալիքները, ռազմատենչ հռետորաբանությունն ու ագրեսիվ գործողությունները շարունակվում են։ "Այդ հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում խաղաղ գործընթացին, այլ նոր խոչընդոտներ են ստեղծում։ Սակայն մեր դիրքորոշումն անփոփոխ է. մենք կշարունակենք բանակցությունները տարածաշրջանում երկարատեւ եւ հաստատուն խաղաղություն հաստատելու համար", - ընդգծել է նախարարը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ