Արմինֆո.Բրյուսելը չի հրաժարվել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների եւ Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպում կազմակերպելու գաղափարից: Ինչպես հաղորդել է Եվրամիությունում "Ազատություն" ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրը, նրանք շփման մեջ են երկու կողմերի հետ՝ նոր հանդիպում կազմակերպելու համար։
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի համար, ըստ "Ազատություն ռադիոկայանի" աղբյուրի, "դա կարեւոր է", սակայն բանակցությունների որոշակի օր դեռ չի հայտարարվել:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա՝ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: "Փաշինյանը համաձայնել է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա", - ասել էր Ադրբեջանի նախագահը, հավելելով, որ Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին՝ "հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշման" պատճառով։
Ի պատասխան՝ Երևանը հայտարարել է, որ պատրաստ է այդ բանակցություններին՝ նախկին ձևաչափով։ Բացի այդ, այսօր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ " Պրահայում Ադրբեջանը պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։ Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինեն նույնը։ Այդ պատճառով մենք հույս ունենք, որ Բրյուսելում Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպումը կկայանա"։