Արմինֆո.Նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ Խաչիկ Սողոմոնյանը, Տիգրան Գասպարյանն ու Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում առկա կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին:
Ինչպես հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ վարորդների կողմից բարձրացրված հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: «Միաժամանակ նշենք, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ վրաց-ռուսական սահմանին Հայաստանից ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել։ "Սպայկա" խոշոր արտահանող առևտրային ձեռնարկության հաղորդագրության համաձայն ՝ ընկերությունը իրավիճակի պատճառով կրել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս ։ Այս պահին Վրաստանի տարանցիկ գոտում արդեն ավելի քան 20 օր է միայն "Սպայկա" ընկերությունից 150 բեռնատար կա։
Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի սահմանին տիրող իրավիճակը Մոսկվայում քննարկել են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և Ռուսաստանի Դաշնության Մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը ։ Կողմերն ընդգծել են ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծման կարևորությունը։
Նշենք, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո, երբ ռուսական կողմը, անվտանգության նկատառումներից ելնելով, խստացրեց հսկողությունը բոլոր բեռնատարների նկատմամբ, "Վերին Լարս" անցակետում նկատվում է Հայաստանից հարյուրավոր բեռնատարների կուտակում։ Գործարարները դժգոհում են, որ բեռնատարները 20 օր կանգնած են մնում, ապրանքը փչանում է, մարդիկ հսկայական վնասներ են կրում։