Արմինֆո. Երեխայի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանը միացել է կառույցները կապույտ գույնով լուսավորելու ակցիային: Այս տարի նոյեմբերի 20-ին կապույտ գույնով լուսավորվել են Հաղթանակի զբոսայգու Մեծ Անիվը և Մայր Հայաստան հուշարձանը, ինչպես նաև՝ Մատենադարանն ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ մանկական հիմնադրամի հայկական գրասենյակը:
Նոյեմբերի 20-ին Երեխաների համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներում կապույտ լույսով լուսավորվում են տարբեր խորհուրդ և պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցներ։ Նախորդ տարիներին կապույտ գույնով լուսավորվել են Սիդնեյի օպերային թատրոնը, Աթենքի Ակրոպոլիսը, Գիզայի բուրգերը, Ռաշթրափաթի Բհավան նախագահական պալատները Նյու Դելիում, Աֆրիկակյան վերածննդի հուշարձանը Սենեգալում, Էմփայր Սթեյթ Բիլդինգը Նյու Յորքում և այլ վայրեր՝ ի աջակցություն երեխայի իրավունքների:
«Այս տարի Երեխաների համաշխարհային օրը Հայաստանի «Լուսավորիր կապույտով» նախաձեռնության շրջանակում լուսավորվել են Երևանի այն վայրերը, որոնք խորհրդանշում են այն, թե ինչ է պետք է երեխաներին առողջ և երջանիկ մեծանալու և ինքնաբավ և կարող մեծահասակներ դառնալու համար՝ Հայաստանի ապագան», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդը։
Նրա ասելով, Երեխայի իրավունքների մասին կոնվեցիայից բխում է, որ մանկությունը յուրահատուկ, պաշտպանության արժանի ժամանակահատված է: «Կոնվենցիան ապացույցն է այն բանի, որ աշխարհը կարող է համարձակ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ի պաշտպանություն բոլորի համար ավելի լավ ապագայի: Երեսուն տարի անց, թեև առաջընթաց գրանցվել է, շատ երեխաներ դեռ չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց բոլոր իրավունքներից։ Եվ սա է պատճառը, որ մենք պետք է միասին աշխատենք՝ ապահովելու համար, որ Կոնվենցիան մնա կենդանի և ապրող փաստաթուղթ և ուղեցույց աստղ լինի յուրաքանչյուր երկրի, համայնքի և ընտանիքի համար», - ասել է նա:
Նախորդ տարի Հայաստանում լուսավորվել էին Երևանի մերձակայքում գտնվող հնագույն Զվարթնոց տաճարի ավերակները՝ խորհրդանշելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատը` պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի իրավունքները, որտեղ էլ նա ապրի: 2000 թվականին Զվարթնոցի տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Երեխայի համաշխարհային օրը հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1954 թվականին։ Այն նշվում է նոյեմբերի 20-ին ՝ որպես Երեխաների համաշխարհային եղբայրության և փոխըմբռնման օր, որը նվիրված է ողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը: Նոյեմբերի 20-ը կարևոր հանգրվան է երեխայի իրավունքների կայացման գործում։ 1959 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989 թվականին՝ Երեխային իրավունքների մասին կոնվենցիան: 1990 թվականից երեխայի համաշխարհային օրը նշվում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում այդ հիմնարար փաստաթղթերի ընդունման տարեդարձը։