Արմինֆո. Ադրբեջանը պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ն ազատ արձակեր 17 հայ ռազմագերիների, որոնք գերեվարվել էին սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում, սակայն այդ խոստումը չի կատարել: Այդ մասին հաղորդել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա ասելով, համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ իր հանդիպման ժամանակ, որը նախաձեռնել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալլիվանը:
"Այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության հիման վրա Ադրբեջանը պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ն ազատ արձակեր 17 հայ ռազմագերիների, որոնք գերի էին վերցվել սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում։ Արձանագրենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել իր պարտավորությունները", - հաղորդել Է Գրիգորյանը։
Նշենք, որ իրավապաշտպանների տվյալներով, սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ադրբեջանական գերության մեջ են հայտնվել առնվազն 20 հայ զինծառայողներ: