Արմինֆո. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ:
"Ես առանձին զրույցներ եմ ունեցել նախագահ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ։ Կաշխատենք միասին, որպեսզի ապահովենք ապաէսկալացում ու բաց հաղորդակցություններ", - գրել է Միշելը Twitter-ում: "Բրյուսելում առաջնորդների հաջորդ հանդիպման նախաշեմին առանցքային է երկխոսության շարունակումն ու օրակարգի բոլոր կետերի շուրջ որոշակի առաջընթացի հասնելը", - հավելել է նա:
Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրությունը սրվել է օգոստոսի 1-ից: Օգոստոսի 3-ի առավոտից ադրբեջանական զինուժը գնդակոծել է Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը և զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով ականանետեր, նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորվել է՝ 19 - ը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին մասնակի զորահավաք է հայտարարել: