Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապն արդեն մի քանի ամիս չի գործում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արմեն Թորոսյանը՝ ի պատասխան հայկական լրատվամիջոցների հարցմանը, որոնք հետաքրքրվել են, թե արդյոք այս ընթացքում ուղիղ կապ հաստատվել է Սուրեն Պապիկյանի եւ Զաքիր Հասանովի միջեւ, եթե այո, ապա՝ քանի անգամ, եւ արդյոք այն գոյություն ունի այսօր:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ին հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը։ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ կապի հաստատման մասին խոսել է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, երբ նախորդ տարվա վերջին ընդունել էր Իլհամ Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին: