Արմինֆո. Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այդ մասին օգոստոսի 4-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
"Տեխնիկան աշխատում է, ճանապարհը կառուցվում է։ Մենք գործընթացը բաժանել ենք երեք մասի, ակտիվորեն աշխատում ենք։ Մինչեւ գարուն ճանապարհի շինարարությունը կավարտվի", - նշել է Սանոսյանը։
Հարցին, թե արդյոք դեպի Թուրքիայի սահման ճանապարհի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, նախարարը պատասխանել է. "Ոչ։ Նման գործընթաց չի գնում":
Ավելի վաղ Ադրբեջանը ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջոցով Հայաստանի հետ հաղորդակցությունն այլ երթուղով կազմակերպելու պահանջ էր ներկայացրել: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ պահանջը որակել է ոչ իրավաչափ, հիշեցնելով, որ ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է. "Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար": "Այս ընթացքում որոշակի աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ, սակայն համաձայնեցված ծրագիր դեռ չկա։ Ամեն դեպքում, Հայաստանը ոչ մի ծրագրի չի համաձայնել, ուստի Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ", - արձանագրել է նա։