Արմինֆո. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սկսել է ռազմական տեխնիկայի եւ ստորաբաժանումների տեղափոխումն Ադրբեջանի հետ սահման:
Օգոստոսի 3-ի երեկոյան իրանական թելեգրամ-ալիքները տեսանյութ են հրապարակել, որում, ինչպես պնդում են, պատկերված է դեպի ադրբեջանական սահման ռազմական տեխնիկայի տեղափոխումը: Տեսանյութում երեւում է միայն մեկ տանկ, որը տեղափոխում է քարշակ։ Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։ Սակայն մեկնաբանները նշել են, որ այս տարվա մարտին ԻՀՊԿ-ն արդեն զգուշացրել է Թուրքիային եւԱդրբեջանը, որ չի հանդուրժի հարևան պետությունների սահմանների փոփոխություն, և այդ հիման վրա նրանց նախազգուշացրել է Հայաստանի հետ հակամարտության վերսկսումից։
Զորքերի տեղաշարժի մասին հաղորդել է նաև իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության պրոդյուսեր Հայալ Մուազզինն՝ իր թելեգրամյան ալիքում: "Գեներալ Հեյդարին հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխություն։ Ղարաբաղում լարվածության ֆոնին ԻՀՊԿ - ն տեխնիկա է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման", - գրել է նա։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական սրացումը սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայող է զոհվել, 19 զինծառայող վիրավորվել է։ Հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր և նռնականետեր: Նպատակը Բերձորից արցախցիների դուրս մղումն է։