Արմինֆո. Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, և մեր կառավարության ծրագրում նույնպես նշված է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և երկու երկրների միջև սահմանի բացմանը, որը Թուրքիան միակողմանի փակել էր դեռևս 1993 թվականին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հունական «Կաթիմերինի» պարբերականի հետ հարցազրույցում:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, և արդեն կայացել է չորս հանդիպում, որոնց ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես ընդունեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և հանդիպում ունեցա նրա հետ ֆորումի շրջանակներում։
Այսօր գործընթացում հաջողելու համար անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն և քաղաքական կամք։ Հայկական կողմը բազմիցս ի ցույց է դրել երկուսն էլ, և մենք նույնը ակնկալում ենք թուրքական կողմից», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։ Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։