Արմինֆո.Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Նշենք, որ մայիսի 3 - ին Վիեննայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հերթական՝ երրորդ հանդիպումը: Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը ։ Այս կապակցությամբ տեղի է ունեցել մտքերի անկեղծ և արդյունավետ փոխանակում, քննարկվել են այդ ուղղությամբ հնարավոր քայլերը ՝ շոշափելի առաջընթացի հասնելու համար: Նրանք հաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների։
Կարգավորման գործընթացի գործարկման մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան կգործի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերի համակարգմամբ Ադրբեջանի հետ: