Արմինֆո."Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի ֆոնին Եվրամիության աջակցությունը Հարավային Կովկասի երկրներին կարեւոր նշանակություն է ձեռք բերում": Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը՝ հունիսի 8-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում։
"ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային այդ պատերազմում հաղթելու համար։ Մենք բացեիբաց հայտարարում ենք "Արեւելյան գործընկերության" երկրների հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցությունն ուժեղացնելու մտադրության մասին։ Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին եւ Հարավային Կովկասի մյուս երկրներին աջակցելն այսօր կարեւոր է՝ ինչպես երբեք", - ասել է Բորելը։
"Մենք առաջարկել ենք ուժեղացնել Վրաստանին եւ Մոլդովային ռազմական օգնության միջոցները, որոնք նախատեսում են աջակցություն լոգիստիկայի, կիբեռպաշտպանության, ռազմաբժշկական, ինժեներական եւ շարժական հնարավորությունների բնագավառում", - ասել է Բորելը, հավելելով, որ օգնությունը կհատկացվի արդեն այս ամռանը:
"Պատերազմը պետք է ավարտվի Կիևի համար ընդունելի պայմաններով և լիովին հարգելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում", - ընդգծել է Բորելը, հաղորդում է «Թուրանը»: