Արմինֆո. Երևանը կգնա համագործակցության նաև Անկարայի և Բաքվի հետ, եթե դա պահանջեն Բրյուսելում և Մոսկվայում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
"Դա 44-օրյա պատերազմում պարտության ուղղակի հետևանքն է։ Համապատասխանաբար, Հայաստանի գործող իշխանությունն ունակ չէ ոչ միայն պաշտպանել Հայաստանի շահերը, այլև, տարրականորեն, դրանք հստակ ձևակերպել։ Ուզում ենք մենք դա, թե՝ ոչ, բայց Հայաստանը կորցրել է պետականությունը։ Իսկ դրա ձեռք բերումը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ։ Որոնք չեն դրսեւորում ոչ իշխանությունը, ոչ էլ հանրահավաքներ անող ընդդիմությունը", - ընդգծել է նա։
Որպես արդյունք՝ Արցախի ապագան, դիվանագետի գնահատմամբ, կախված է Հայաստանի իշխանությունների վարքագծից՝ աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում։ Եվ վարչապետ Փաշինյանի՝ սեփական անձի ղեկին մնալու առաջնահերթության լույսի ներքո, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ իշխանության գործողությունները, լավագույն դեպքում, միտված են կարճաժամկետ հեռանկարին։ Մինչդեռ, այդ խնդրի լուծումը պահանջում է երկարաժամկետ ռազմավարություններ:
Արդյունքում՝ Փաշինյանի կառավարությունը, ըստ Մելիքյանի, հայտնվել է Թուրքիայի և Ադրբեջանի հզոր ճնշման տակ։ Եվ չունենալով հստակ ձևակերպված շահեր, համապատասխանաբար, օրակարգ, կարող է, ընդամենը, ժամանակ ձգել սահմանազատման և սահմանագծման գործընթացների պատրվակով։ Այս ամենը հանգեցնում է այն բանին, որ եղած ժամանակ համապատասխան ռազմավարության մշակման նպատակով օգտագործելու փոխարեն Երևանը սահմանափակվում է Արցախի աջակցության սոցիալական ծրագրերի իրականացման մասին խոսակցություններով։
"Իսկ "Ղարաբաղի էթնիկ բնակչության իրավունքների " մասին Շառլ Միշելի հետբրյուսելյան հայտարարությունը վկայում է այն մասին, որ Արցախի ինքնորոշման և ինքնիշխանության հարցը քաղաքական օրակարգից, պարզապես, հանվել է։ Եվ Եվրամիության համար բացարձակապես միևնույն է, թե ինչպիսին կլինի Արցախի ապագա կարգավիճակը, և՝ որ պետության կազմում։ Գլխավորը ադրբեջանական էներգակիրների մուտքն է Եվրոպա՝ Թուրքիայով։ Արդյունքում՝ Հայաստանն ու Արցախն այսօր հայտնվել են, նույնիսկ, ավելի վատ իրավիճակում, քան՝ 90-ականների սկզբին", - ամփոփել է դիվանագետը։