Արմինֆո. ՀԱՊԿ-ում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, դաշինքի կարգապահության դեֆիցիտ կա։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ եւ հասարակական գործիչ Ալեքսեյ Ձերմանտը՝ մայիսի 26-ին "ՀԱՊԿ ներկան եւ ապագան. Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին" նվիրված միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ:
"ՀԱՊԿ-ը, որպես ռազմաքաղաքական դաշինք, այսօր, ակնհայտորեն չի լիվին չի աշխատում միջազգային ասպարեզում համերաշխ դիրքորոշում մշակելու եւ ցուցադրելու առումով։ Այդ քննադատությունը հնչում է, օրինակ, Բելառուսի և Հայաստանի ղեկավարության շուրթերից", - նշել է քաղաքագետը։
Այդ առումով նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում գործում է իսկական դաշինքի կարգապահություն, երբ նրանց բոլոր մասնակիցներն, արդյունքում, միասնական դիրքորոշում են դրսեւորում, հատկապես, իրենց աշխարհաքաղաքական եւ տնտեսական հակառակորդների եւ մրցակիցների նկատմամբ: Փորձագետի համոզմամբ՝ նույնպիսի ընդհանուր դիրքորոշումը պետք է ունենան նաև ՀԱՊԿ երկրները։
Նա դա պայմանավորել է այն բանի անթույլատրելիությամբ, որ, երբ մի երկրի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել, տնտեսական պատերազմ են մղում նրա դեմ՝ խեղդելու նպատակով, հարձակվում են տարածքային ամբողջականության վրա, մյուսները փորձում են ձևացնել, թե դա իրենց չի վերաբերում։
"Վերաբերում է, այն էլ՝ ինչպես։ Ամենաակնհայտ օրինակը Ղազախստանում հունվարյան իրադարձություններն են։ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը ոչ միայն թույլ տվեց կայունացնել իրավիճակը երկրում, այլև, փաստորեն, փրկեց Ղազախստանի պետականությունը։ Եվ հենց այդ պատճառով ՀԱՊԿ դաշնակիցներն իրավունք ունեն նույնպիսի աջակցություն ակնկալել Ղազախստանից ։ Այն կարող է լինել տարբեր ձեւով, բայց, սկզբունքորեն, պարտադիր",- ասել է Ձերմանտը, նշելով, որ դա անվտանգության եւ բարեկեցության գրավականն է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում։
Բելառուս փորձագետի համոզմամբ՝ միայն Ռուսաստանը չպետք է լուծի բոլոր խնդիրները, նրան անհրաժեշտ են դաշնակիցներ, զորավոր օգնություն, ընդհանուր ճակատ ՝ ռազմական և տնտեսական առումով։
"Չէ որ, եթե Ռուսաստանն ուժեղ չլինի, ապա Արևմուտքը մեր երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին հարցերը կլուծի, դա պետք է հասկանալ և չփարատվել պատրանքներով, թե կհաջողվի խուսափել կամ առաանձին պայմանավորվել, Արևմուտքը մեզ բոլորիս վերջնականապես կջախջախի։ Իմ կարծիքով, սա առանցքային միտք է, որը պետք է հասկանալ ՀԱՊԿ-ի զարգացման հեռանկարի համար։ Մեր դաշինքում արդեն ոչ թե խոսքեր են պետք, այլ գործողություններ, որոնք մեր քաղաքացիներին ու աշխարհին ցույց տան, որ մեր ռազմաքաղաքական դաշինքը արդյունավետ է ու գործունակ, որ նրա հետ պետք է հաշվի նստել",-կարծում է քաղաքագետը։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ եթե դա տեղի ունենա, ապա ՆԱՏՕ-ն հավաքական Արեւմուտքի հետ միասին իրենց այլ կերպ կպահեն, ավելի հարգալից, չէ որ նրանք հարգում են միայն ուժը, եւ այդ ուժն անհրաժեշտ է նրանց ցուցադրել՝ միասնականության եւ համախմբվածության միջոցով: