Արմինֆո.Մայիսի 24-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, դեսպանը, նախ, շնորհավորել է մարզպետին նշանակման կապակցությամբ։ Ապա Լին Թրեյսին ասել է, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար, և հավելել է, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերի, հատկապես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքների համար՝ ցանկություն հայտնելով դրանք շարունակելի տեսնել։
Մարզպետը նաեւ կարեւորել է դեսպանի՝ պարբերաբար Սյունիք այցելելը, նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է։
Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացման ուղղություններին։
Դեսպանը կարեւորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։ Կողմերի միջեւ հետագա համագործակցության եւ փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։